«Հայաստանը հակամարտության կողմ չէ». Շարմազանով. aysor.am

Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի եղել ու չկա որպես հակամարտության կողմ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է:

«Որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում, նաև ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևերում», – ասել է Է.Շարմազանովը:

Նա նշել է, որ սա տարածքային հակամարտություն չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Պարոն վարչապետի այս հայտարարությունը չեմ կարծում, որ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմեր, այլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար պայքարի գործընթաց է», – ասել է Է.Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանն այս գործընթացում, այս բանակցություններում հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ` որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:

«Ես հորդորում եմ, առաջարկում եմ պարոն վարչապետին հայտարարություններ անելուց առաջ ավելի շրջահայաց լինել: Մեր շահերից է բխում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բանակցություններում հաջողի։ Ես կլինեմ առաջին երջանիկը, որ թե Արցախյան հիմնահարցում, թե Ցեղասպանության ճանաչման գործում, թե ներքին քաղաքականության մեջ այն, ինչ որ ասել է ինքը, հաջողի», – ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս