Ինչ է սպասում Եվրոպան Փաշինյանից
«Ցանկացած նոր իշխանություն իր հետ արտաքին քաղաքական նոր հնարավորություններ է բերում: Բնականաբար, նոր հնարավորություններ կան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Կա նաև մտավախություն, որ ժամանակավոր կառավարությունը կկենտրոնանա արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ անցկացնելու վրա` խորապես չզբաղվելով արտաքին քաղաքական հարցերով: Երբ երկրի իշխանությունը հասարակությունից ունի բացառիկ մեծ աջակցություն, նրա քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի համարձակ են, արտաքին դերակատարների հետ նրա հռետորաբանությունն ավելի հստակ ու հաջող է:
Բայց այս պահի դրությամբ Փաշինյանը դեռ միայնակ է, նրա ողջ Կառավարությունը պետք է իրականացնի այս բոլոր ծրագրերը, պատասխանատվությունը պետք է կիսվի, այս ուղղությամբ քայլեր պետք է իրականացնի նաև նշանակվելիք ԱԳ նախարարը, ով կամբողջացնի ՀՀ վարչապետի ծրագրերը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխանախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների՝ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է.
«ՀՀ նոր վարչապետը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների, օրինակ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության խնդիրը լուծելու ցանկության վերաբերյալ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել, թեև հայտարարություններով անդրադառնում էր այդ խնդրին: Զենքի վաճառքը Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության մեկ բաղադրիչն է, եթե դա ՀՀ իշխանությունների ճնշման արդյունքում փոփոխվի, կարելի կլինի մեծ հաջողություն համարել»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: