![](/banners/BeFunky-design.jpg)
«Ոչ մի բան չի փոխվի, եթե…». Վովա Վարդանովը՝ Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարար նշանակելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/Vova-Vardanov.jpg)
«Կարծում եմ՝ ինչ նշանակումներ էլ լինեն, ոչ մի բան չի փոխվի, եթե հասարակությունն այդ նշանակված մարդկանց վրա որոշակի ազդեցության լծակներ չունենա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին՝ նման տեսակետ հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Մեր զրուցակիցը վստահ է՝ բացարձակ նշանակություն չունի, թե ում կնշանակեն որևէ պաշտոնի. «Տեղը մարդուն ստիպում է, որ ինքն իրեն համապատասխան պահի: ՊՆ-ի ղեկավար կարող է նշանակվել շատ հետադեմ հայացքների տեր մարդ, բայց հասարակությունը պահանջի, ինքն արդիական դառնա, կամ կարող է լինել հակառակը»:
Հարցին՝ ի՞նչ շանսեր են ստեղծվել, որ հասարակությունն այդ ազդեցության լծակներն ունենա՝ հաշվի առնելով, որ երկրի վարչապետն է փոխվել, Վ. Վարդանովն այսպես պատասխանեց.
«Վարչապետ փոխվելու հետ դա կապ չունի: Այդ մասսայական ընդվզումները, ժողովրդի փողոց դուրս գալը, ում անունն էին գոռում, ումը չէին գոռում, ում էին մերժում, ում չէին մերժում, դա կապ չունի: Ժողովրդի ոտքի կանգնելը շատ մեծ շանս է տալիս, որ նորմալ կոնսոլիդացվեն տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիները: Հասարակական, քաղաքական ակումբների և կազմակերպությունների ստեղծման շատ ընտիր պահ է, ու եթե ժողովուրդը հավատա այն կարծիքներին, որ խելացի է, մենք կտեսնենք, որ պետռեգիստրում հերթ են կանգնելու տարբեր կազմակերպություններ ստեղեծելու համար»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հայաստանյան վերջին իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանում զինվորների զգոնության թուլացման կամ ուժեղացման վրա: Ի պատասխան՝ Վ. Վարդանովն ասաց. «Ես համոզված եմ, որ մեր զգոնությունը ոչ թե մեր ղեկավարությունն է կարողանում ապահովել, այլ՝ դիրքապահների զգոնությունն ապահովում է հակառակորդի ներկայությունն իրենից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հակառակորդն է մեր զգոնությունն ապահովում»: