«Ալաշկերտ»-ը սպառնում է լքել Հայաստանի առաջնությունը
«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձավ, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ» թիմի արդյունքներն ընթացիկ առաջնությունում նվազեցնել 12 միավորով` պայմանավորված խաղի կազմակերպման փորձի համար:
«Լինելով Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոն հանդիսացող ֆուտբոլային ակումբի նախագահը, շատ մտահոգված եմ հայկական ակումբային ֆուտբոլը ցնցած վերջին նորություններով: Ստացվում է, որ նման արատավոր երևույթների հետևանքով կարող են ջուրն ընկնել մեր այսքան տարիների ընթացքում կատարած հսկայածավալ գործունեությունը, ներդրումները և դրանցից բխող ակնկնալիքներն ու հաջողությունները:
Գրանցված միջադեպն առավել քան մտահոգիչ է և վտանգում է նաև մեր և հայկական այլ ակումբների նպատակները, քանի որ չեմպիոնության և մրցանակային տեղերի համար պայքարն առաջնության վերջնագծում սուր և անկանխատեսելի ընթացք է ստացել:
Ցանկանում ենք ընդգծել, որ մեր ազգային առաջնության ակումբներում կան մի քանի արտասահմանցիներ, որոնք, կարծես, խմբավորում են ստեղծել, և իրենց արատավոր գործունեությամբ ցանկանում են սև բիծ թողնել հայկական ֆուտբոլի վրա` գցելով մեր ֆուտբոլի հեղինակությունը: Այդ առումով, հարկ եմ համարում մեր ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետների ուշադրությունը հրավիրել «Շիրակ» — «Փյունիկ» և «Փյունիկ» — «Շիրակ» վերջին երկու հանդիպումներին:
Միևնույն ժամանակ, հայտարարում եմ, որ եթե մեղավորները չստանան արժանի պատիժը, պարզապես անիմաստ կլինի թիմն ուժեղացնելը և ընդհանրապես նոր առաջնությանը մասնակցելը, քանի որ հակառակ պարագայում մեծ վտանգ կա, որ նմանատիպ դեպքերը կկրկնվեն: Թող որ սա լինի վերջին այսպիսի դեպքը հայկական ֆուտբոլում: Հակառակ պարագայում, ես ստիպված կլինեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բոլոր թիմերը հանել Հայաստանի առաջնություններից»: