Բաժիններ՝

Զինված ընդդիմությունն սկսել է իր կազմավորումների դուրսբերումը Հոմսի արվարձաններից. Al Watan

Սիրիական ընդդիմության զինված խմբավորումներն սկսել են իրենց կազմավորումների դուրսբերումը Հոմս նահանգային կենտրոնի հյուսիսային արվարձաններից: Ինչպես մայիսի 8-ին հայտնել է Al Watan թերթը, այս տարածաշրջանում լոկալ հաշտության մասին համաձայնագրի իրագործման առաջին փուլում Ռաստան, Թալբիսա, Թեյր-Մաալ, Էլ-Ղանթու եւ Էլ-Հոուլա քաղաքներից դուրս կբերվեն 3,5 հազար զինյալներ ընտանիքների հետ:

Նրանց Ջիսր-Ռասթան էստակադայի շրջան տեղափոխելու համար ժամանել են 100-ից ավելի ավտոբուսներ: Զինյալների եւ նրանց ազգականների առաջին խումբն արդեն ուղեւորվել է Սիրիայի հուսիսում գտնվող Իդլիբ եւ Ջարաբլուս: Ավելի վաղ ընդդիմության կազմավորումները հանձնել են ծանր եւ միջին սպառազինությունները, այդ թվում՝ վեց տանկ եւ երեք հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Զինյալները ապաշրջափակել են Հոմս-Համա խճուղին, ինչն այժմ թույլ կտա Սիրիայի կենտրոնում գտնվող կարեւոր տնտեսական շրջանները կապել երկրի հյուսիսի եւ հարավի հետ: Սիրիական բանակի սակրավորներն այժմ անցկացնում են այս ռազմավարական ավտոուղին ականազերծելու գործողություն: Ականառումբերից մաքրված տեղամասերում ճանապարհային ծառայություններն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս