ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելու Թրամփի մտադրության մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրաժարվել իրանական միջուկային ծրագրի շուրջը գործարքից եւ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ:
Այդ մասին գրում է New York Times թերթը: «Նախագահ Թրամփը, ինչպես երեւում է, հակված է հրաժարվելու գործարքից եւ վերստին պատժամիջոցներ սահմանելու Իրանի նկատմամբ, որոնք դադարեցվել էին 2015 թվականի հուլիսին Վիեննայում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան»,- գրել է հրատարակությունը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած դիվանագետների:
Սակայն, ինչպես նշել է թերթը, պարզ չէ, թե Միացյալ Նահանգների ղեկավարը ձեռնպահ կմնա արդյոք այդ քայլից, հնարավոր է՝ Եվրոպայի երկրներին թույլ տալով տնտեսական հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ՝ ըստ որում «ԱՄՆ-ի կողմից չենթարկվելով պատժի»: Մայիսի 7-ին Թրամփը թվիթերի իր էջում գրել է, որ մտադիր է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի վերաբերյալ իր որշումը հրապարակել մայիսի 8-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: