Մոտ 35 մլրդ դրամով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը
2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 մլրդ դրամով կամ 13%-ով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը: Մասնավորապես՝ երրորդ երկրներից ներմուծվել է աննախադեպ քանակով՝ 17 341 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 230-ի փոխարեն: Այսինքն՝ ավտոմեքենաների քանակն ավելացել է 10 111-ով, իսկ դրանց դիմաց կատարված վճարումներն աճել են 6 984 մլն դրամով:
Մի շարք այլ ապրանքների դեպքում ևս ներմուծման աճի պայմաններում ավելացել են նաև գանձումները, մասնավորապես՝ նավթի և նավթամթերքի դեպքում գանձումներն աճել են 73%-ով, դեղամիջոցների դեպքում՝ 33%-ով, ցիտրուսային մրգերի դեպքում՝ 75%-ով, երեսպատման սալիկների դեպքում՝ 77%-ով, խոզի մսի դեպքում` 36%-ով, կահույքի դեպքում՝ 48%-ով, օծանելիքի դեպքում՝ 32%-ով և այլն:
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 82 մլրդ դրամով կամ 29%-ով աճել են արտահանման ծավալները: Դեպի 3-րդ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են մոտ 53 մլրդ դրամով, իսկ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ մոտ 29 մլրդ դրամով: Մասնավորապես, աճել են պղնձի հանաքաքարի արտահանման ծավալները՝ 28%-ով, ծխախոտի արտադրանքինը՝ 26%-ով, էլեկտաէներգիայինը՝ 81%-ով, ապակյա տարաներինը՝ 34%-ով, ոսկունը՝ 15%-ով, նրբաթիթեղ ալյումինինը՝ 21%-ով, թարմ բանջարեղենինը` 21%-ով և այլն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին