Թաջ-Մահալը մաքրելու համար կծախսվի կես միլիոն դոլար
Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է ամենանշանավոր տուրիստական օբյեկտին՝ Թաջ-Մահալին, վերադարձնել նրա նախնական սպիտակ գույնը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Հնդկաստանում լսումներ են տեղի ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի մաքրման համալիր աշխատանքների շուրջ: Դրանք անցկացվում են անցյալ տարվա վերջից: Հուշակոթողը փորձում են մաքրել ճարպից, ցեխից, փոշուց, միջատների եւ թռչունների արտաթորանքներից: Կառավարությունը դրա համար հատկացրել է 500 հազար դոլար: Աշխատանքների ընթացքը վերահսկում է Հնդկաստանի Գերագույն դատարանը: Ինչպես գրում է հնդկական մամուլը, դատավորներ Մադան Լոքուրը եւ Դիփաք Ղուփթան ցնցվել են, երբ նրանց ցույց են տվել Թաջ-Մահալի կեղտաբծերն ու այլ վնասվածքներ, որոնք էլ ավելի են շատացել վերականգնողական աշխատանքների սկսվելուց հետո:
«Առաջ Թաջ-Մահալը դեղին էր, իսկ այժմ այն դառնում է շագանակագույն եւ կանաչ: Դա շատ լուրջ խնդիր է»,-հայտարարել են դատավորները՝ դիմելով կառավարության ներկայացուցիչներին: Արդյունքում՝ դատարանը հանձնարարություն է տվել կառավարական պաշտոնյաներին՝ տեղի եւ միջազգային փորձագետների հետ կոնսուլտացիաներ անցկացնել Թաջ-Մահալի հետագա վնասվելը կանխելու շուրջ, ուր ամեն տարի այցելում են մոտավորապես յոթ միլիոն զբոսաշրջիկներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: