Մտահոգություններ Սոչիում կայանալիք ԵԱՏՄ նիստից առաջ. ով է ներկայացնելու Հայաստանը

Մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` ԵԱՏՄ նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն են օրերս քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը:

Նիստը պետք է տեղի ունենա բավականին բարդ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը դեռ լիովին հաղթահարված չէ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում է միությունից տնտեսությունների զարգացմանն ուղղված ավելի գործուն քայլեր, քան ներկայումս են արվում, և պատրաստվում է բարձրացնել այդ հարցերը տեղի ունենալիք նիստում:

Եվ քանի որ ԵԱՏՄ բարձրագույն մարմինը խորհուրդն է, որի կազմում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, ենթադրվում է, որ Հայաստանը ևս քաղաքական առաջին դեմքի մակարդակով պետք է մասնակցի նիստի աշխատանքներին: Կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում այս նիստին պետք է մասնակցի ՀՀ վարչապետը:

Հաշվի առնելով մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվող վարչապետական ընտրություններն ու ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պնդումները, որ ՀՀԿ-ի աջակցությունը կստանա ժողովրդի թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հաղթանակն այս ընտրություններում ավելի քան իրատեսական է դառնում: Սակայն հասկանալի չէ, թե ներքաղաքական ճգնաժամի ներկայիս փուլում Հայաստանն ինչ մակարդակով, ինչպես և կամ ընդհանրապես մասնակցելո՞ւ է մայիսի 14-ին նախատեսվող նիստին, թե՞ ոչ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ կառավարման խորհրդարանական համակարգը ենթադրում է այս նիստին վարչապետի մասնակցություն, քանի որ այս մոդելի հայաստանյան տարբերակում վարչապետն ունի մեծ լիազորություններ: Ըստ նրա՝ դժվար է ասել, թե առաջիկա նիստում Հայաստանն ինչպես ներկայացված կլինի, քանի որ չի բացառվում, որ ճգնաժամը շարունակվի, չի բացառվում նաև, որ վարչապետ ի վերջո ընտրվի:

«Իհարկե, այս երկու տարբերակից ոչ մեկն էլ ներքաղաքական թեժ զարգացումների ավարտ չի նշանակելու, քանի որ մինչ այս փուլը մենք տեսել ենք բավականին անկանխատեսելի ու բեկումներով լի գործընթաց, առաջիկայում ևս չեմ բացառում բեկումներ և այլ զարգացումներ: ՀՀ մասնակցության հարցը կորոշակիանա մեծապես մայիսի 8-ից հետո, բայց միայն այդ ընտրության արդյունքներով չի պայմանավորվի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին:

Կարող ենք ենթադրել, որ մայիսի 8-ին Հայաստանում վարչապետ կընտրվի Փաշինյանը, տեսականորեն նա կարող է և իրավասու է մասնակցել ԵԱՏՄ նիստին, բայց պրակտիկորեն նա դա կարո՞ղ է անել, թե՞ ոչ, քանի որ առաջին մի քանի օրը վարչապետի պաշտոնում միանշանակորեն նրա համար բավարար չեն լինի պատրաստվելու այդ նիստին բոլոր ասպեկտներով, թեև Փաշինյանն այս ընթացքում որոշ ուղերձներ փորձել է հղել իր հնարավոր ապագա եվրասիական գործընկերներին՝ խոստանալով, որ ԵԱՏՄ-ից ելք չի լինելու, թեև նախկինում նման պահանջներ իր կողմից եղել են:

Բայց արդյո՞ք դրանք բավարար են, որպեսզի եվրասիական գործընկերները կարողանան նրա հետ շփվել և աշխատել անկաշկանդ մթնոլորտում: Չկա՞ն արդյոք այնպիսի մտահոգություններ ԵԱՏՄ ղեկավարների մոտ, որոնք կուլիսային բանակցությունների և պարզաբանումների կարիք ունեն: Իհա՛րկե կան:

Չնայած ղեկավարները պաշտոնապես ընդունում են, որ երկրում ժողովուրդը դեմ է եղել Հանրապետական իշխանությանը, բայց այդ իշխանության հետ նրանք անկաշկանդ աշխատել են, միմյանց համար եղել են կանխատեսելի գործընկերներ: Թեև ես ևս պնդում եմ, որ ՌԴ իշխանությունների համար կարևոր է աշխատել ժողովրդի հավանությանն արժանացած գործչի հետ, բայց կարծում եմ` որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի:

Երկու կողմում էլ լուրջ անհանգստություններ ու մտայնություններ կան, երկու կողմում էլ դեռ պատրաստ չեն ստեղծված նոր իրավիճակին»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը՝ հնարավոր է՝ ոչ ավանդական որոշում կայացվի այս անգամ Հայաստանի մասնակցության վերաբերյալ:

«Թեև ՀՀ նախագահը չունի այդ լիազորությունը, նա կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստին: Հաշվի առնելով նրա լավ կապերը, կարծում եմ` նա լավ կընդունվի Սոչիում նախագահների կողմից:

Նրա այցը նաև առիթ կլինի նախապատրաստելու և իրավիճակը ԵԱՏՄ գործընկերներին ներկայացնելու համար, քանի որ սա չնախատեսված գործընթաց էր, ուստի պետք է լուծումներ գտնել:

Կարծում եմ` նախագահի մասնակցության շուրջ համաձայնություն կլինի, քանի որ ընտրվելուց մի քանի օր անց նման այցերի և նման հարթակներում աշխատանքի փորձ չունեցող գործչի համար դժվար կլինի առաջին օտարերկրյա այցը կատարել Սոչի»,- նման տեսակետ հայտնեց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս