Սոցիոլոգները նշել են «ամենախմող» մասնագիտությունները
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցները հարցում են անցկացրել եւ պարզել, որ բարձր որակավորում ունեցող հաջողակ մասնագետներն ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործում, քան միջին վաստակի տեր մարդիկ: Սոցիոլոգները եկել են այն եզրակացության, որ ոգելից խմիչքի նկատմամբ հակման վրա ազդում են եկամտի մակարդակը, տարիքը, կրթությունը, սոցիալական ու ընտանեկան կարգավիճակը:
Հարցումը ցույց է տվել, որ բարձր որակավորում ունեցող այն բրիտանացիների 70 տոկոսը, որոնք աշխատում են որպես ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ կամ ուսուցիչներ, կանոնավոր կերպով ալկոհոլ են օգտագործում: Պարզվել է, որ օգտագործվող թունդ խմիչքների քանակը կապված է նաեւ աշխատավարձերի չափի հետ: Այսպես, տարեկան 11 հազար եվրոյից պակաս վաստակողների գրեթե 50 տոկոսը պատմել է ոգելից խմիչքների օգտագործման մասին այն ժամանակ, երբ ավելի քան 45 հազար եվրո աշխատավարձ ստացող մարդկանց շրջանում խմելու սիրահարները կազմել են ավելի քան 80 տոկոս:
Ամենից քիչ ալկոհոլ օգտագործում են ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդիկ՝ եկամտի համեմատաբար ցածր մակարդակով: Հետազոտության ընթացքում նաեւ պարզվել է, որ տարեց մարդիկ միջին հաշվով ավելի շատ են խմում, քան երիտասարդները: Ընդ որում՝ 25-ից մինչեւ 64 տարեկան հարցվածների հինգերորդ մասը հայտնել է, որ ընդհանրապես չի խմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: