ՊԲ-ն հերքում է բանակային ստորաբաժանումներն Արցախից Հայաստան տեղափոխելու մասին Բաքվի տարածած լուրերը
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, թե «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»:
ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները (մասնավորապես՝Armiya.az կայքը) լուրեր են տարածում, թե իբր «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»:
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը և մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ իրականացնել հարազատ ժողովրդի դեմ:
Ավելին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հակառակորդի կողմից դրսևորվող ակտիվությությունը, այն է՝ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժերն ու կուտակումները և դրանցից բխող անկանխատեսելի հետևանքները կանխելու նպատակով, ՊԲ հրամանատարությունը հետևողականորեն աշխատանքներ է տանում հանրապետության առաջնագիծն անխոցելի պահելու և, ըստ այդմ՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմի թվաքանակը ավելացնելու, այլ ոչ թե նվազեցնելու ուղղությամբ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են առաջնագծում իրականացնել պատշաճ վերահսկողություն և պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»: