Բաժիններ՝

Ձերբակալվել են պաշտոնյաներ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։

2018թ. մարտի 27-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով քրեական գործը:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, մեխանիզմը:

Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ չարաշահումներ են թույլ տրվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքների բնակիչներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում։ Մի շարք գյուղացիներ ընդգրկվել են աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չեն հատկացվել կամ հատկացվել են շատ ավելի քիչ ծավալով և յուրացվել համայնքների ղեկավարների կողմից։

Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:

Բացի այդ, իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ սերմացու ցորենն ստացած Իսահակյան և Մեղրաշատ համայնքների որոշ բնակիչներ հետագայում կատարել են նախատեսված վճարումները, սակայն դրանք չեն մուտքագրվել համայնքի բյուջե, չեն փոխանցվել համապատասխան կազմակերպության հաշվեհամարին, այլ յուրացվել են՝ պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով: Իսկ բնակիչների անվամբ կուտակված պարտքերը ներվել են պետության կողմից թիվ 1585-Ն որոշմամբ։

Քննության տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2012-2016 թթ.: Այդ տարիներին Իսահակյան համայնքի ղեկավարն է եղել Արտավազդ Արսենյանը, իսկ Մեղրաշատ համայնքի ղեկավարը՝ Վահրամ Սաղաթելյանը։ Ներկայումս նրանք համապատասխանաբար Անի և Ամասիա համայնքների ներկայացուցիչներն են Իսահակյանում և Մեղրաշատում։

Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Ա.Արսենյանը և Վ.Սաղաթելյանը մարտի 29-ին ձերբակալվել են և հարցաքննվել։ Պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս