«Նրա գործողություններում դիտվում են հանցանշաններ». Շինհսկման տեսչության պետը յոթերորդ ֆիգուրանտն է դարձել Կեմերովոյի հրդեհի գործով
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կեմերովոյի առեւտրական կենտրոնի հրդեհի հետաքննության ընթացքում քրեական գործ է հարուցել Կեմերովոյի մարզի Պետական շինարարական հսկողության տեսչության պետ Տանզիլիա Կոմկովայի նկատմամբ:
Ինչպես նշված է Քննչական կոմիտեի Telegram-ալիքում, նրա նկատմամբ հետաքննվում է պաշտոնեական լիազորությունների չարշահման քրեական գործը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: «Նրա գործողություններում դիտվում են հանցանշաններ, որոնք նախատեսված են ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 285-րդ հոդված 3-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունների չարաշահում»):
Նա ձերբակալված է: Նա դարձել է հրդեհի գործով յոթերորդ ֆիգուրանտը: Ինչպես հայտնել է ՌԴ-ի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, «հետաքննության վարկածով՝ Կոմկովան չի ձեռնարկել Կեմերովո քաղաքում առանց կառուցման թույլտվության «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային համալիրի ինքնագլուխ կառուցված շենքի շահագործման կասեցման միջոցներ, ինչը հանգեցրել է առեւտրական կենտրոնի այցելուների մահվան»: Հետաքննությունը նաեւ ստուգում է Կոմովայի գործողությունները կոռուպցիայի առումով: