Բաժիններ՝

Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք` Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա, Յուղի օրհնություն

Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ որպես Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում:

Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն, որին հաջորդում է Յուղի օրհնությունը: Հիսուս Քրիստոսը վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Հենց այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, և 1 մեծ մոմ՝ կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուսն առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը, որը Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ: Հին Ուխտում Զատկի տոնը հաստատվել էր ի հիշատակ եգիպտական գերությունից հրեա ժողովրդի ելնելու:

Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»:

Սբ Պատարագի ժամանակ, ինչպես Վերջին ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծու հետ: Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս