Հայտնաբերվել են Կեմերովոյում հրդեհի հետևանքով բոլոր 64 զոհվածների մարմինները
ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Աքսյոնովը հայտարարել է, որ հայտնաբերված են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի հետեւանքով բոլոր 64 զոհվածների մարմինները: Նա ճշտել է, որ իշխանությունները տվյալներ չունեն անհետ կորածների մասին։
«Անհետ կորածներ չկան: Մենք տեղեկատվություն չունենք այն անձանց վերաբերյալ, որոնք չգիտեն՝ որտեղ են գտնվում իրենք հարազատները»,-ասելէ Աքսյոնովը: ԱԻՆ-ում նաեւ հաստատել են, որ հրդեհից զոհվել է 41 երեխա: Բոլոր զոհվածների աճյունները հանձնվել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մասնագետներին, 27 մարդ ճանաչված է վեց զոհվածների նույնականացման համար կպահանջվի լրացուցիչ փորձաքննություն, նշել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ կեմերովցի ակտիվիստ Ռասիմ Յարոլիեւը հայտնել է, որ առեւտրի կենտրոնում հրդեհից հետո անհետ կորածների որոնմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները տվյալների ստուգումից հետո ճշտել են զոհվածների եւ անհայտ կորածների իրենց ցուցակը:
«Տեղեկատվության ստուգումից հետո ցուցակը 86-ից կրճատվել է մինչեւ 77 մարդ: 25 նույնականացված զոհվածներ, 39 անհայտ կորածներ եւ 13 մարդ, որոնց կորելու մասին մեզ տեղեկատվություն է տրամադրել բնակչությունը»,-ասել է նա: Կեմերովոյի առեւտրի կենտրոնի ձերբակալված ղեկավարներն ու աշխատակիցները լրագրողներին հայտարարել են, որ առեւտրի կենտրոնը կարող էր այրվել հրկիզման հետեւանքով, իսկ հրդեհային ազդասարքը ինչ-որ մեկի կողմից անջատվել է հրդեհի սկսվելուց 15 րոպե առաջ:
Կեմերովոյի դատարանը մարտի 27-ին մինչեւ 72 ժամ երկարացրել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սիդյոնոկի, տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլեւի, ինչպես նաեւ առեւտրի կենտրոնի հրդեհային ազդասարքն սպասարկող ընկերության տնօրեն Իգոր Պոլոզինենկոյի եւ այդ ընկերության աշխատակից Ալեքսանդր Նիկիտինի կալանման ժամկետը: