Ռուսաստանում սուգ է
Ռուսաստանում մարտի 28-ին սուգ է հայտարարված Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ հրդեհից ավելի քան 60 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Երկրի ողջ տարածքում խոնարհված են պետական դրոշները, մշակույթի հիմնարկներն ու հեռուստառադիոընկերությունները չեղարկել են ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:
Սգո օրվա մասին հրամանագիրը պետության ղեկավարը ստորագրել է նախօրյակին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ: Ընդամենը հրդեհից տուժել է 76 մարդ, այդ թվում՝ 27 երեխա:
Հիվանդանոցներում է մնում 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Եվս 62 տուժածների, ներառյալ 25 երեխաներ, բուժօգնություն է ցուցաբերվել ամբուլատոր կարգով: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում: ՌԴ-ի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ գենետիկական փորձաքննություն կպահանջվի Կեմերովոյի հրդեհի 37 զոհերի ճանաչման համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում պատահածի պատճառների թվում նշել է հանցավոր անփութությունն ու անհոգությունը:
Նա ՌԴ-ի Քննչական կոմիտեին հանձնարարել է իրավական գնահատական տալ այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ողբերգություն են թույլ տվել: Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որը հետաքննում է Քննչական կոմիտեի Գլխավոր հետաքննչական վարչությունը Գործի շրջանակներում կալանավորվել ու հարցաքննվել է հինգ մարդ: Խոսքը վերաբերում է շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենին, այն հարկաբաժնի վարձակալին, որտեղ, հավանաբար, եղել է բռնկման օջախը, հրշեջ ազդասարքի սպասարկմամբ զբաղվող կազմակերպության աշխատակցին ու ղեկավարին, ինչպես նաեւ այն պահապանին, որը չի միացրել տագնապի ազդանշանը:
Մարտի 27-ին ողբերգության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ են անցկացվել Ռուսաստանի մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Զոհերի թվով այս հրդեհը Ռուսաստանում երկրորդն է դարձել Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբի ողբերգությունից հետո, որտեղ 2009 թվականի դեկտեմբերին զոհվեց 156 մարդ: ՌԴ-ի կառավարությունը որոշում է ընդունել 1 միլիոն ռուբլու չափով օգնություն ցույց տալ զոհվածների ընտանիքներին, համանման վճարումներ կկատարեն նաեւ Կեմերովոյի մարզի իշանությունները: