«Բարձրագույն կրթության մասին» օրենքը «կռվախնձոր» է դարձել. խառնվել են ռեկտորները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։ Չնայած ՀՀԿ-ականները ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ներկայացրած օրենքը մի քանի դրվագով փոփոխության ենթարկեցին իրենց քիմքին համապատասխան, մասնավորապես՝ բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու նախարարի ջանքերն ի դերեւ ելան, քանի որ Հրայր Թովմասյանի «թեթեւ» ձեռքով խորհուրդներում որոշվեց ընդգրկել նաեւ պետական պաշտոնյաներին, 10 անդամ ունեցող խորհրդում 1 պաշտոնյա կլինի, 20 անդամ ունեցողում՝ 2, ինչպես նաեւ վարչապետն է հաստատելու խորհրդի կազմը, իսկ ուսխորհրդի մասնակցությունը ոչ թե 10, այլ 20 տոկոս կլինի։

Բայց կարծիք կա, որ օրենքը կարող է 100 տոկոսով փոփոխության ենթարկվել եւ դառնալ «աշոտյանական» տարբերակը։ Բանն այն է, որ շուրջ 3 տարի է՝ դեռ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի գտնվելու ժամանակներից, քննարկվում է մի «իշխանահաճո» տարբերակ։

ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի նախագիծն արմատապես փոխեն։ Դրանով պայմանավորված՝ մարտի 16-ին ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովում նախագիծը քննարկվելուց հետո չմտցրին առաջիկա նիստի օրակարգ։ Խնդրո առարկան, մեր տեղեկություններով, ռեկտորների եւ ամբիոնի վարիչների կենսաթոշակային տարիքի հարցն է՝ նախագծով առաջարկվում է առավելագույն շեմ՝ 65 տարեկան: Սակայն ՀՀԿ-ն, տեղիք տալով տարեց ռեկտորների, մասնավորապես ԵՊՀ-ի ղեկավարի վրդովմունքին, մտադիր է փոխել այն՝ սահմանային տարիքը դարձնելով ռեկտորի դեպքում՝ 70, ամբիոնի վարիչների՝ 63։ Հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանին հարցրինք, թե ինչու նախագիծը չմտավ մեծ օրակարգ։ Պատգամավորը պատասխանեց, որ, հավանաբար, դեռեւս վերանայման կարիք կա։

Ի դեպ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը 63 տարեկան է, տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 62, գրեթե բոլոր ռեկտորները 65-ի շեմին են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս