«Ուղեղ ունեցող մարդիկ հասկանում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա անցումային շրջան է». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի հասկանում իր թիմի հասցեին ուղղված քննադատությունները: Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ իր ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ արդյունքներ է ցուցադրում, հաշվի առնելով այն, որ թիմը գտնվում է վերակառուցման պրոցեսում:
«Ես հասկանում եմ հիասթափությունը՝ կապված Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հետ, բայց չեմ կարող հասկանալ մնացածը: Շատ մեծ ակումբներ են ունեցել անցումային շրջաններ իրենց պատմության մեջ: Հիմա ԱՊԼ-ում կա մեկ թիմ, որը մեզանից լավ է պատրաստված: Մեզանից առաջ մեկ ակումբ է, իսկ մեզանից հետո՝ 18: Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի ապագայում մեզանից հետ լինեն 19 ակումբ, բայց հիմա այլ իրականություն է, որը հասկանում են ուղեղ ունեցող մարդիկ, առողջ բանականությամբ, որոնք հասկանում են, թե ինչ է սպորտը:
Մեզ համար սա անցումային շրջան է, բայց նույնիսկ՝ չնայած դրան, նախորդ մրցաշրջանում մենք հաղթեցինք մի քանի տիտղոս, իսկ հիմա գրավում ենք 2-րդ տեղը և շարունակում ենք պայքարը գավաթի համար: Կարծում եմ՝ մենք լավ վիճակում ենք»,- հայտարարել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը