Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգն արձագանքել է Facebook-ի շուրջ հասունացող քննադատություններին

Facebook ընկերությունը ենթարկվում է քննադատության այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շուրջ 50 միլիոն ընտրողների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է նախագահ Թրամփի քարոզարշավի համար աշխատող իրավաբանական ընկերությանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Facebook ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցը Թրամփի քարոզարշավին օգնող իրավաբանական ընկերությանն է տրամադրել տեղեկություն իր՝ շուրջ 50 միլիոն օգտատերերի մասին: Դա բողոքի լայն ալիք է բարձրացրել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, ուր ընկերությունից պատասխան են պահանջում այս գործունեության համար: Գլուխ է բարձրացրել անգամ «Ջնջիր Facebook»-ը հասարակական շարժումը:

Facebook-ն իր ստեղծման պահից մշտապես հադես է գալիս որպես միավորող ժողովրդավարական մի հարթակ: Միևնույն ժամանակ այստեղ է կուտակվում օգտատերերի մասին մեծ քանակության տեղեկություն, որի սխալ օգտագործման պարագայում կարող են խախտվել մարդկանց հիմնարար իրավունքները:

Փորձագետները կարծում են, որ սոցցանցերն այսօր պետք է լրջորեն վերանայեն իրենց գործունեությունը:

«Կարևոր է, որ Facebook-ի նման ընկերությունները մեկ քայլ հետ գնան և փորձեն հասկանալ, որ իրենց ընտրած ռազմավարությունը օգտատերերի մոտ ձեւավորում է որոշ սպասելիքներ», – ասում է Ժողովրդավարության և տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Միշել դե Մոյը:

Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգն արձագանքել է քննադատությանը և կարգադրել ստուգումներ անցկացնել այն բոլոր հավելվածների վերաբերյալ, որոնք օգտագործում են Facebook-ը: Նա նաև խոստացել է ուժեղացնել օգտատերերի տեղեկության ապահովման անվտանգության միջոցները:

«Facebook-ն ունի բազմաթիվ հակասություններ, որոնցից շատերը կապված են աշխարհը միավորելու Facebook-ի հիմնական գործառույթի հետ: Սակայն եթե մարդիկ դադարեն հավատալ դրան, ականատես լինելով Brexit-ին, Պուտինին, Թրամփին, և փոխեն վերաբերմունքը սոցցանցի հանդեպ, ապա կարծում եմ Facebook-ը մեծ խնդիրներ կունենա»,- նշում է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Քրիս Հուֆնագլը:

Սակայն չնայած այն փաստի, որ ընկերությունը ընդունել է կատարած բացթողումները՝ Ցուկերբերգն իր հարցազրույցներում ներողամտություն չի հայցել կատարած սխալների համար: Ընկերությունը նաև հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որը գնահատվել է որպես հանրային վստահության վերականգման փորձ:

«Կարծում եմ, այս միջոցով ընկերությունը խնդրում է հանրությանը հավատալ իրեն, սակայն չեմ կարծում , որ նրանք վաստակել են այդ հավատը: Կարծում եմ, որ նրանց անհրաժեշտ է անցկացնել անկախ աուդիտ: Անհրաժեշտ է, որ Facebook-ի հետ կապ չունեցող անձինք այցելելն ընկերություն և այստեղ անցկացնեն ստուգումներ՝ վստահ լինելու համար, որ այն իրոք միջոցներ է ձեռնարկում՝ օգտատերերի տեղեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ընդգծում է Electronic Frontier Foundation կազմակերպության իրավաբան Քորին Մաքշեերը։

Ցուկերբերգը նաև նշել էր, որ նա վստահ է, որ ինչ-որ ուժեր կցանկանան միջամտել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին, սակայն Facebook-ի հիմնադիրը չի տրամադրել որևէ մանրամասներ:

Հիշեցնենք, որ Facebook-ի օգտատերերի թիվն անցել է 2 միլիարդից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս