 
                        ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը
 
                                    Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 20-ին հայտարարություն էր ասել այն մասին, թե ԱՄՆ հետ համաձայնության են եկել ամերիկյան զորքերի՝ Մանբիջից հետ քաշվելու հարցում և այժմ սպասում են դրա իրականացմանը:
Այս հայտարարության մասին հարցին ի պատասխան Նոյերթն ասել է. «Դա շատ զվարճալի է, քանի որ այդ մասին որևէ համաձայնություն չի եղել»:
Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր արել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ ասելով, որ իրենք հետ չեն քաշվելու Մանբիջից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        