Նախարարությունը պարզաբանում է շարունակական բուժման դեպքում դեղատոմսով դեղ ձեռք բերելու կարգը
Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, որում անդրադարձ է կատարվել հիվանդանոցային բուժումից հետո դուրս գրվող հիվանդի շարունակական բուժման համար դեղատոմս գրելու խնդրին, թե որ բժշկական փաստաթղթում է անհրաժեշտ գրառում կատարել այդ մասին:
Տրամադրված պարզաբանման մեջ նախարարությունը հստակեցնում է, որ դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի 19-րդ կետում սահմանված է, որ «գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է հիվանդի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ»:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ներկայացնում է, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։
1. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1
Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:
Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
2. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2
Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
3. Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:
4. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմսN 4
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:
Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
Բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից, բացառությամբ դեղատոմս N 1-ի: