Բաժիններ՝

Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ «Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը եւ մարդու իրավունքների խախտումը, առաջվա պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»,- ասված է Թրամփի ծանուցման մեջ:

«Այդ պատճառով Իրանի նկատմամբ գործող ազգային արտակարգ դրությունը, որը հայտարարվել է 1995 թվականի մարտի 15-ին պետք է ուժի մեջ մնա նաեւ 2018 թվականի մարտի 15-ից հետո: Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունն Իրանի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ շարունակում է գործել Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի չեղարկման ռեժիմը՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս