ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին ՀՀ 20 համայնքներում. մասնակցությունը կազմել է 44.91%
Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:
Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու:
Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: