Ինչո՞ւ է Հանուն Հայաստանի պետության ճակատը հրավիրել անվանական Նիկոլ Փաշինյանին և ոչ՝ «Ելքին». պարզաբանում է Պետրոս Մակեյանը

Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված Հանուն Հայաստանի պետության ճակատի այսօրվա հանրահավաքին մասնակցելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ «Ելքը» ոչ միայն չի մասնակցի, այլև չի սատարի հանրահավաքի մասնակիցներին, թեև դաշինքի առանձին անդամներ ազատ են՝ կարող են որպես մասնակից՝ ներկա լինել քաղաքացիների շարքերում, սակայն ոչ երբեք՝ հարթակին: «Հրավերը եղել էր ոչ թե պաշտոնապես «Ելքին», այլ Նիկոլ Փաշինյանին անձնապես: Սա անընդունելի ու սեպարատիստական մոտեցում է, քաղաքական տեսանկյունից կոռեկտ չէ»,- նշել էր Գևորգ Գորգիսյանը:

168.am-ի հետ զրույցում ճակատի գործողությունները համակարգող Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց նպատակն է՝ համախմբել ընդդիմադիր ուժերին մեկ գաղափարի շուրջ: Հիշեցնենք, որ ճակատի այսօրվա հանրահավաքն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի և, ընդհանրապես՝ իշխանության դեմ: Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձևավորել: Ճակատը, մասնավորապես, դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին այդ հարցով:

Դեռևս պարզ չէ՝ Ր. Հովհաննիսյանը կմասնակցի՞, թե՞ ոչ, իսկ Ն. Փաշինյանն իր թիմով մասնակցելու է հանրահավաքին. «Զարուհի Փոստանջյանն ասել է, որ ինքը պատշաճ իրազեկված չէ, ես չգիտեմ՝ ինչ ձևով են պատշաճ իրազեկվում: Մնացածի հետ զուգահեռ բանակցությունները գնում են, որովհետև մենք հանրահավաքների շարքը շարունակելու ենք, այսօր մասնակցողների ցուցակը հետագայում կընդլայնվի»:

Հարցին՝ ինչո՞ւ «Ելք» խմբակցությանը հրավեր չեք ուղարկել, այլ հենց Նիկոլ Փաշինյանին եք միայն դիմել՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. ««Ելք» խմբակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նաև հաշվի առնելով Նիկոլի հետ ունեցած քաղաքական գործունեության էվոլյուցիան: Որևէ առանձնահատկություն չկա»:

Դիտարկմանը, թե «Ելք» դաշինքի անդամներն ասում են՝ քանի որ անվանական Ն. Փաշինյանին եք հրավիրել, նրանք այդ հարցն անգամ դաշինքում չեն էլ քննարկել՝ Պ. Մակեյանն այսպես արձագանքեց. «Իրենք ճիշտ են ասում այդ առումով: Երևի մյուս հանրահավաքներին մենք կքննարկենք ու համատեղ ինչ-որ քայլեր կնախաձեռնենք»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ հնարավոր է՝ մյուս հանրահավաքին «Ելքին» հրավիրե՞ք՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Ոչ թե մենք ենք հրավիրում, այլ՝ գաղափարն այն է, որ մենք բոլորս նույն գաղափարի շուրջ համախմբվենք: Որևէ մեկի նախաձեռնությունը չպետք է լինի, ուղղակի այսօր մենք ենք հանրահավաքը սկսել, մենք են հրավիրում, բայց մեր խնդիրն է, որ բոլորը համախմբվեն այդ խնդրի շուրջ՝ կանխել գործող վարչախմբի վերարտադրությունը և հավերժացումը»:

Տեսանյութեր

Լրահոս