ՀՀ ՊՆ պարզաբանում. «Ես եմ» ծրագրով ծառայության անցած զինծառայողների պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում
«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ:
««Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ «Ես եմ » ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ՝ չի համապատասխանում իրականությանը և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատվում է որպես ապատեղեկատվություն և փաստերի խեղաթյուրում»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ 2017 թվականի դեկտեմբերից կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հաշվետվության բարձրացման նպատակով այդ անձնակազմի, այդ թվում ժամկետային պարտադիր զինծառայողների դրամական ապահովությունը հաշվարկվել է անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով: Սկսվել է քարտերի տրամադրման գործընթաց և 2017թ. դեկտեմբեր ամսվա դրամական ապահովության հաշվարկման գործընթացում բանկերի կողմից ՀՀ պաշտպանության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն, համաձայն որի, մի շարք ժամկետային պարտադիր զինծառայողների մասով առկա են կատարողական թերթեր՝ վերջիններիս դրամական գումարների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ: Հաշվի առնելով ժամկետային պարտադիր զինծառայողների ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշմամբ սահմանված դրամական ապահովության չափերը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել և ընթացիկ տարվա փետրվարի 8-ին շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծ: Համաձայն օրինագծի` ժամկետային պարտադիր զինծառայողների դրամական ապահովության, այդ թվում՝ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում:
««Ես եմ» ծրագրով զորակոչիկները ՀՀ զինված ուժեր են զորակոչվել 2018թ. հունվարի 28-ին, իսկ նրանց դրամական ապահովության հաշվարկը առաջին անգամ իրականացվել է սահմանված կարգով՝ փետրվարի 20-ից հետո, որի պարագայում ՀՀ պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը չէր կարող կապված լինել «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների դրամական ապահովության հաշվարկման հետ: Բացի այդ, ընթացիկ տարվա փետրվարի ընթացքում նշված զինծառայողներին դրամական ապահովության փոխանցման շրջանակներում չի բացահայտվել որևէ զինծառայողի նկատմամբ հարկային կատարման գործընթացի առկայություն»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելիս հենվել միայն հավաստի տեղեկության վրա և ներկայացնել միայն անկողմնակալ ու իրականությանը համապատասխանող տեղեկատվություն: