Նռնականետից Կիևի ռեստորանի գնդակոծությունը կապված է «օրենքով գող» Նեդելյայի հետ

Որոնվում է «Լեո» կիևյան ռեստորանը նռնականետից գնդակոծած անձը: Նրա շարժառիթները դեռևս հայտնի չեն, սակայն, ըստ Strana.ua պարբերականի տեղեկությունների, ռեստորանի գնդակոծությունը կարող է կապված լինել քրեական աշխարհում «ռազբորկաների» հետ:

Նշվում է, որ «Լեո» կիևյան ռեստորան հաճախ այցելել է հայտնի ուկրաինական «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին (Նեդելյա): Նա կենտրոնական ռեգիոնի ու Արևմտյան Ուկրաինայի «նայողն» է: Նա ներկայումս երկրում չէ: Ըստ «Փաստինֆոյի»՝ Նեդելյան սպասում է Հունգարիա էքստրադիցիային Ֆրանսիայում, որտեղ ձերբակալվել է 2017 թ. հուլիսին հունգարական կեղծ անձնագրով, սակայն մինչև վերջերս «Լեո»-ում այցելուներ էր ընդունում Նեդզելսկու «աջ ձեռքը»՝ Դիմա Դոնեցկին:

Ըստ «Ստրանա»-ի աղբյուրների, քրեական աշխարհում նռնականետից կրակելու օգնությամբ Նեդելյայի թշնամիները կարող էին նրան ու նրա մարդկանց «ողջույն» փոխանցել:

Նույն այդ ուկրաինական պարբերականը 2017թ. դեկտեմբերի վերջին հաղորդել է, որ վերջերս Նեդելյան փորձել է իր ազդեցությունը տարածել երկրի նաև այլ ռեգիոններում: Մասնավորապես, հաղորդվում էր, որ այլ «օրենքով գողից»՝ Դնեպրովսկու ռեգիոնը վերահսկող «Ումկա» մականվամբ Սերգեյ Օլեյնիկից նա պահանջել է «մի փոքր մաս» հատկացնել կիևյան «օբշչակ»-ին: Արդյունքում Նեդզելսկու հետ կոնֆլիկտի մեջ է մտել նաև Ումկայի դաշնակից, Ուկրաինայի ամենահեղինակավոր «օրինականներից» մեկը՝ Սերգեյ Լիսենկոն (Լերա Սումսկոյ):

Ուկրաինայի «գողական» աշխարհի ներկայացուցիչները Նեդելյային հարցեր ունեին նաև ուկրաինական գաղութներից մեկում գտնվող իր դրածոյին «թագադրելու» նրա փորձի հետ կապված:

Բացի այդ, 2017թ. հունիսին Հունաստանում, որտեղ ներկայումս գտնվում են մի քանի «օրենքով գողեր», «սխոդկայի» ժամանակ Նեդզելսկու «գողական» կարգավիճակը դադարեցվել էր: Պատճառ էր դարձել Նեդելյայի կոնֆլիկտն իր «կնքահոր»՝ Դավիդ Սեբիսկվերաձեի (Դաթո Քութաիսսկի) հետ, ով վերջերս է ազատ արձակվել բանտարկության վայրից: Հաղորդվում էր, որ Դաթո Քութաիսսկին ուկրաինական «օբշչակ» պահողից խոշոր գումար է խնդրել, իսկ Նեդելյան նրան մերժել է: Բացի այդ նա անտեսել է մեկ ուրիշ հունական «սխոդկան», որտեղ ծրագրվում էր քննարկել Նեդզելսկու կոնֆլիկտը ուկրաինական այլ «օրինականների» հետ:

Հիշեցնենք, որ մարտի լույս 8-ի գիշերը Կիևի կենտրոնում, Վլադիմիրսկի փողոցում անհայտ անձը նռնականետից գնդակոծել է «Լեո» ռեստորանի տեռասը: Գնդակոծության հետևանքով պայթյունի ալիքով դուրս էին ընկել լուսամուտների ապակիները, ռեստորանի տեռասում տեղի է ունեցել հրդեհ, որի ընթացքում այրվել է մոտ 50 քառ. մ տարածք:

Ինչպես հաղորդել են ուկրաինական մայրաքաղաքի ոստիկանության հաղորդակցությունների բաժնից, տուժածներ չկան: Քրեական գործ է հարուցվել գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Տեսանյութեր

Լրահոս