«Ընկեր, մի փոքր լռիր, փոքր-ինչ նստիր տանդ». Թուրք ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին
Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով 2019 թվականի նախագահական ընտրություններում համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը, հորդորել է նրան փոքր-ինչ լուռ մնալ և շատ չխոսել: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ստամբուլում կուսակցության կին անդամների հետ հանդիպմանը Աքշեները դիմել է Էրդողանին՝ ասելով. «Ընկեր, մի փոքր լռիր: Ժամանակ հատկացրու ընտանիքիդ, փոքր-ինչ նստիր տանդ: Պետք չէ, որ ամեն հարցով խոսես, մատ թափ տաս: Մի փոքր հանգստացի տանդ, շունչ առ, մենք էլ շունչ առնենք, Թուրքիան էլ»:
Նա մեղադրել է Էրդողանին հասարակության առաջ հոխորտալու, ԱՄՆ-ին «օսմանյան ապտակ» հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնելու համար, մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանեց Անկարա, նախագահը բավարարվեց նրա հետ միայն գաղտնի խոսակցություններ վարելով:
Մերալ Աքշեները նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Նա 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ներկայացրել է իր հիմնած նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի շարքերում «Ազգայնական շարժում» կուսակցությունը լքած հարյուրավոր անդամներ կան
Ակնկալվում է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում նա լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: