ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Ռուսաստանի և Իրանի գործողությունները Սիրիայում
ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Աբդել Ֆաթահ աս Սիսին մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները Սիրիայում՝ պայմանավորվելով միասին աշխատել այնտեղ հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի անպատասխանատու օժանդակությունն անմեղ քաղաքացիական անձանց դեմ դաժան գրոհներին (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի վարչակազմի կողմից»,- հայտարարել է մամուլի ծառայությունը: Թրամփը եւ աս Սիսին «համաձայնվել են միասին աշխատել Սիրիայում հումանիտար ճգնաժամի հաղթահարման, տարածաշրջանում արաբական միասնության եւ անվտանգության հասնելու համար»:
Բացի այդ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, պետությունների ղեկավարները խոսել են տնտեսության եւ անվտանգության ոլորտներում «ամերիկա-եգիպտական գործընկերության ամրապնդման հնարավորությունների» մասին: