Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում: Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հարցով ապրիլի սկզբին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպում կկայանա:
Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Սիրիայում շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:
Ուշագրավ է, որ Էրդողանն ու Մակրոնն օրեր առաջ ևս հեռախոսազրույց էին ունեցել, որը, սակայն, ավարտվել էր սկանդալով: Թուրքիայի նախագահականից հերքել էին Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Էրդողանին հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին որոշումն ու դադարեցնել գործողություններն Աֆրինում: