«Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փակ հաղորդակցության անոթներ ունեն, նման ելույթի նկատմամբ չեն կարող անհաղորդ լինել». Կորյուն Նահապետյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածության քննարկումը բերելու է մի նոր հանգրվանի՝ վերաիմաստավորելու մոտեցումները ապագայի հետ կապված: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում նա ընդգծեց, որ ոգեշնչված է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթով:

«Շատ պարզ կլիներ ասել, որ ելույթը հետաքրքիր էր և տպավորիչ: Ելույթը իսկապես պարունակում էր լայնախոհություն, բարեկրթություն, համակարգվածություն և մեր հասարակական օրգանիզմի շատ ճիշտ ախտորոշում էր: Նա ունի տեսլական, որը պարունակում է նաև հստակ գործողությունների ամբողջական պատկերացում»,- նշեց Նահապետյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է հանրապետության Նախագահի դերը: Նահապետյանի գնահատմամբ՝ այն պատասխանատվությունը, որը ստանձնելու է հանրապետության նախագահը՝ հանդես գալով որպես պետության գլուխ, Սահմանադրության պահպանման հետևորդ, ունի առանցքային նշանակություն:

«Համազգային և համապետական նպատակներով առաջնորդվելու առաքելությունը, որը նույնպես սահմանադրական պահանջ է հանրապետության նախագահի համար, և՛ այսօրվա, և՛ ապագայի համար մեզ տալիս է մի նոր հույս, որ նոր ընտրվող նախագահը իսկապես կարողանալու է պատվով իրականացնել չափազանց մեծ պատասխանատվությունը»,- ասաց պատգամավորը:

Նա շատ ազնիվ և անկեղծ է համարում խորհրդարանում Արմեն Սարգսյանի ելույթը: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փակ հաղորդակցության անոթներ ունեն, նման ելույթի նկատմամբ չեն կարող անհաղորդ լինել: Նախագահի համար շատ կարևոր է լինել ներկայանալի: Այդ իմաստով մեր թեկնածուն կարող է մեր պետությունը և ժողովրդին պատվով ներկայացնել թե ներսում, թե դրսում, որովհետև ունի ահռելի մեծ փորձառություն բոլոր ասպարեզներում, որտեղ հանդես է եկել իր անցած ճանապարհի ընթացքում»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նշեց, որ Արմեն Սարգսյանն ունի օտարներին յուրային դարձնելու, ընդդիմադիրներին համախոհ դարձնելու, համագործակցության լայն շրջանակ ձևավորելու կարողություն: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նման առաջադրում է եղել: Ես կարծում եմ, որ այս ընտրությունը շատ հավասարակշռված է»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս