Մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունվեց, համաձայն որի` մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը: Այս մասին կառավարության նիստին հիշեցրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվաություններ առաջացնել, հատկապես` տնտեսվարողների գործունեությանը»,- ասաց նա:
Ելնելով վերոնշյալից` վարչապետը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին` մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունը և անխափությունը ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն, նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև` ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը:
«Պարոն Ջավադյան հնարավո՞ր է»,- դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ հարցրեց վարչապետը:
Ա. Ջավադյանը վստահեցրեց, որ առևտրային բանկերը կաշխատեն։