ԵՄ-ն և ԱՄՆ-ը պատրաստվում են մարտին ԳԴՀ-ում քննարկել Իրանի հետ միջուկային գործարքը. Reuters
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք պլանավորում են մարտ ամսին Բեռլինում հանդիպել, որպեսզի բանակցություններ անցկացնեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ:
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ի ԱԳ նախարարության աղբյուրի: Եվրոպացի մեկ ուրիշ դիվանագետ գործակալությանը հայտնել է, որ հանդիպումը նշանակված է մարտի 15-ին: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: