Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հրապարակեց Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) փետրվարի 28-ին հրապարակել է Եվրամիության (ԵՄ) կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը: Այն Բրյուսելում տարածել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը եւ ճեպազրույցում ներկայացրել է ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն։

«Խոսքը վերաբերում է համաձայնագրի նախագծին: Մենք այս իրավաբանական տեքստն ընթացիկ պահից կքննարկենք ԵՄ-ի 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) եւ Եվրախորհրդարանի հետ: Մենք պետք է բոլոր բանակցություններն ավարտենք աշնանը, որպեսզի հասցնենք համաձայնագիրը վավերացնել ժամանակին»,- հայտարարել  Բառնիեն:

«Եվրամիությունից եւ Ատոմային էներգետիկայի գծով եվրոպական հանրակցությունից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը» բովանդակում է 111 էջ եւ ամփոփում է Բրյուսելի եւ Լոնդոնի բանակցությունների՝ դեկտեմբերին ավարտված առաջին փուլի արդյունքները. Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի երկրներից եւ հակառակ ուղղությամբ գաղթածների իրավունքների երաշխիքները, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի բաց կարգավիճակը, Brexit-ից հետո Լոնդոնի ֆինանսական վճարումները: Սա Եվրամիությունից պետության դուրս գալու վերաբերյալ պատմության մեջ առաջին համաձայնագիրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս