Բաժիններ՝

«Մենք կտրե՞նք մեր հույսը նրանից, որ կառավարությունը պետք է հարգանքով վերաբերվի ընդդիմության ներկայացրած նախագծերին». Գևորգ Պետրոսյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց հնչեցրեց զոհված ազատամարտիկների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

«Արդեն մեկ ամսից ավելի է անցել այն պայմանավորվածությունից, որ մենք ունեցել ենք  կառավարության ներկայացուցչի հետ՝ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում 10-օրյա ժամկետում համատեղ քննարկում կազմակերպելու վերաբերյալ, որպեսզի քննարկվի զոհված ազատամարտիկների և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների աշխատանքային արտոնության հարցը: Մեկ ամիս է անցել, ու մենք բացարձակապես իրազեկված չենք այդ հարցի վերաբերյալ: Մենք կտրե՞նք մեր հույսը նրանից, որ կառավարությունը պետք է հարգանքով վերաբերվի ընդդիմության ներկայացրած նախագծերին, թե՞ կառավարությանը չի հետաքրքրում այդ հարցը»:

Ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց. «Վստահ եմ, որ դուք հանձնաժողովում քննարկման ժամանակ մանրամասն ծանոթացել եք կառավարության եզրակացությանը նախագծի վերաբերյալ, որտեղ նշվել է, որ կառավարությունը նիստով հավանության է արժանացնելու օրենքի նախագիծ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և ձեր նշած խնդրի լուծումը ևս ներառված է այդ նախագծում: Ընդ որում, նախագծում ներառված դրույթն ավելի համապարափակ լուծում է ենթադրում: Մանրամասն ներկայացվել է, թե ինչու ձեր առաջարկած լուծումն ընդունելի չենք համարում»:

Գ. Պետրոսյանը շարունակեց հարցնել, թե ինչո՞ւ պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունն իրենց չի հրավիրել քննարկման: Ի պատասխան՝ Ա. Ասատրյանն ասաց, որ առաջին անգամ է լսում պայմանավորվածության մասին. «Ես հրավիրում եմ ձեզ՝ վաղը ժամանակ գտնենք, քննարկենք: Երբևէ կառավարությունը չի ունեցել կողմնակալ վերաբերմունք որևէ խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս