Եգիպտոսում առնվազն 19 մարդ է զոհվել երկու գնացքների բախումից. Sky News Arabia
Եգիպտոսում փետրվարի 28-ին առնվազն 19 մարդէ զոհվել, 38-ը՝ տուժել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը: Ինչպես նշել է «Ալ Յաում աս Սաբիա» պորտալը, մարդատար շարժակազմը բեռնատար գնացքի է բախվել Կահիրեից հյուսիս ընկած Բուհեյրի նահանգում:
Ստացվող տեղեկությունների համաձայն, շարժման ընթացքում անջատվել են մարդատար երկու վագոններ, որոնց հարվածել է հետեւից ընթացող բեռնատար շարժակազմը: Ներկայում պատահարի վայրում աշխատում են շտապօգնության շուրջ 30 բրիգադներ:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունն առայժմ հաստատում է 10 զոհվածների եւ 11 տուժածների վերաբերյալ տվյալները: Եգիպտոսում նման վերջին վթարը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսին, երբ Կահիրեից Ալեքսանդրիա մեկնած մարդատար գնացքը հյուսիսային մայրաքաղաքի մատույցներում ամբողջ թափով բախվեց երկաթգծին կանգնած շարժակազմին: Այն ժամանակ զոհվեց 41 մարդ, տուժեցին ավելի քան 30 քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: