Ռուսաստանի «ժամկետանց վախը». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս վրացական ռուսալեզու կայքերից մեկում աչքովս ընկավ մի հրապարակում, որի վերնագիրն էր՝ «Ամերիկացի հետախույզները դիվանագետների անվան տակ բարեխղճորեն իրենց աշխատանքն են կատարում Վրաստանում եւ Հայաստանում»:
Հարցազրույց տվողը Առնո Խիդիրբեգիշվիլին է, որը, որքան հասկանում եմ, այդ կայքի խմբագիրն է: Ամբողջ հարցազրույցը վերարտադրելու կարիքը, թերեւս, չկա՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում նույնպես կան ռուսալեզու եւ ոչ միայն ռուսալեզու լրատվամիջոցներ, որոնք ժամանակ առ ժամանակ «բացահայտում են» ամերիկյան լրտեսներին, գրանտակերներին, «5-րդ շարասյունը» եւ «ազդեցության գործակալներին», որոնք իրականացնում են թշնամու (այսինքն՝ Արեւմուտքի) դավադիր ծրագրերը: Այնպես որ, այդ մոտեցումները մեզ ծանոթ են:
Այդ հրապարակման մեջ հետաքրքիր է, որ հեղինակը խոսում է ոչ թե իր, այլ հարեւան երկրի մասին, եւ խոսում է վստահության եւ անսխալականության մեծ պաշարով: Պատասխանելով լրագրողի հարցին` նա համոզմունք է հայտնում, որ Հայաստանում գործող հայտնի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները (նաեւ «Առավոտը») ամերիկյան լրտեսներ են եւ աշխատում են Հայաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու ուղղությամբ:
Եվ նույնիսկ այդ անհեթեթ մեղադրանքին չէի անդրադառնա, եթե չկրկնվեր ռուսաստանյան քարոզիչների բանաձեւը «գունավոր հեղափոխության» մասին: Անձամբ ես դեմ եմ, որ Հայաստանում տեղի ունենա «գունավոր» կամ թեկուզ «սեւ-սպիտակ» հեղափոխություն, եւ բազմիցս գրել եմ, թե ինչու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: