Կուբայում բացվել է սիգարների միջազգային փառատոնը՝ 70 երկրների մասնակցությամբ
Հավանայում փետրվարի 26-ին բացվել է կուբայական սիգարների միջազգային փառատոնը: Հեղինակավոր համաժողովին, որը Կուբայի մայրաքաղաքում անցկացվում է արդեն քսաներորդ անգամ, մասնագետներ, գործարարներ եւ ծխախոտը գնահատողներ են եկել ավելի քան 70 երկրներից։
Ավանդույթի համաձայն՝ փառատոնի անցկացման վայր է դարձել Համագումարների պալատը, որտեղ իրենց ստենդներն են բացել սիգարներ արտադրողները եւ հյումիդորները՝ «աբանոսը»(habanos), ինչպես կոչում են սիգարները հենց Կուբայում, պահելու համար՝ ձեռագործ տուփեր պատրաստողները:
Համաժողովի ծրագրում ներառված են նաեւ այցելությունները ծխախոտի պլանտացիաներ Կուբայի Պինար դել Ռիոյի արեւմտյան նահանգում, որը համարվում է աշխարհի ծխախոտաբուծական լավագույն տարածաշրջաններից մեկը, եւ մայրաքաղաքի սիգարի լավագույն ֆաբրիկաներ:
Բացի դրանից, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել տարբեր վարպետության դասերի, այդ թվում՝ սիգարների ոլորման դասերի: Փառատոնի կազմակերպիչն է Habanos կորպորացիան՝ Կուբայի Tabacuba պետական ընկերության եւ Մեծ Բրիտանիայի Imperial Tobacco ընկերության համատեղ ձեռնարկությունը:
Habanos-ը պրեմիում դասի 27 առեւտրական մակնիշների սիգարներ է տարածում ավելի քան 150 երկրներում, սիգարներ, որոնք պատրաստված են բացառապես ձեռքով: Habanos-ի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտնել են, որ 2017 թվականին կորպորացիայի վաճառքներն աճել են 12 տոկոսով եւ կազմել 500 միլիոն դոլար:
Կուբայական սիգարներն առավել մեծ պահանջարկ են վայելում Իսպանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում: Սիգարների արտահանումը Կուբայի բյուջետային եկամուտների՝ չափով չորրորդ աղբյուրն է:
Habanos-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին ժամանակներս կուբայական սիգարների պահանջարկի զգալի աճ է նկատվում Չինաստանում: Կարիբյան երկրի ծխախոտի արդյունաբերության մեջ զբաղված է շուրջ 200 հազար, իսկ բերքահավաքի եռուն շրջանում՝ 250 հազար մարդ:
Tabacuba-ն Կուբայում կառավարում է սիգարների 96 ֆաբրիկա: Դրանցից 46-ում սիգարներն արտադրվում են բացառապես արտահանման համար եւ ոլորվում են միայն ձեռքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: