Բաժիններ՝

Իրանը համարժեք միջոցներ կձեռնարկի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում

Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) համարժեք միջոցներ կձեռնարկի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դուրս գա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ):

Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է ԻԻՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին՝ Թեհրանում ելույթ ունենալով շաբաթական ճեպազրույցի ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակել է Press TV հեռուստաալիքը։

«ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք համարժեք միջոցներ կձեռնարկենք՝ գործի դնելով առկա բոլորռեսուրսները»,-ասել է Գասեմին: Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը շահագրգրված է ԳՀՀԾ-ի պահպանմամբ, սակայն «ԱՄՆ-ը գործում է Իրանի շահերին հակառակ»: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի հասցեին արված բոլոր հարձակումներն անհիմն են եւ ուժ չունեն»,-եզրափակել է Գասեմին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս