Մարտի 1-ից հետո ՀՔԾ պետն Արամ Սարգսյանին ասել է, որ նրան չեն ձերբակալում, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն է
«Այդ դեպքերից հետո գործող նախագահն ասաց, որ քանդել է պետք անվստահության պատը. Դատախազության ներկայացուցիչների այս ելությները լսելով՝ տպավորություն ունեմ, որ Դատախազությունը կա՛մ չի կատարում այդ հրահանգը, կա՛մ էլ նախագահն ասել է՝ ես դա ասել եմ՝ ասելու համար»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա հայտարարեց, որ ուզում է պատմել Մարտի 1-ի իր պատմությունը. «Մարտի 5-ին ինձ ներկայացվեց մեղադրանք բոլոր աշխարհիկ հանցանքների համար: Դրանից հետո կանչվեցի հարցաքննության: Թե ի՞նչ էր կատարվում Դատախազությունում այդ ժամանակ, չեմ ուզում հիշել: Ինձ՝ որպես նախկին վարչապետի, արտահերթ էին քննում, մյուսներին այնքան էին սպասեցնում, մինչև շունչները կտրվի: Մի քանի անգամ հարցաքննելուց հետո՝ ինձ մոտեցավ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետը և ասաց, որ «խնդրել են, որ ձեզ փոխանցեմ, որ ձեզ չեմ ձերբակալում, որովհետև Դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, բայց կրկնվելու դեպքում՝ էդ հանգամանքն այլևս հաշվի չի առնվի»: Այդ հոդվածներով իմ ընկերները կալանավորվեցին: Սա է այս իշխանության գործելաոճը, դրա համար էլ այս երկիրը լքում են:
Ես, իհարկե, ոսկեղենիկ հայերենով ասացի՝ խնդրում եմ, փոխանցեք նման հորդոր անողին… Բայց խնդիրը, իհարկե, այդպես չլուծվեց, այս խնդիրները լուրջ անդրադարձի կարիք ունեն: Իմ համար հարցերի հարցը նրանում է, թե ամսի 1-ի գիշերն ո՞վ է հրաման տվել այդտեղ ցուցարարներին ցրելու, որովհետև ամսի 26-ից հետո հրապարակում հավաքվածների թիվը պակասում էր, էդ հայտնի էր բոլորին: Ինչի՞ էդ արվեց, արդյոք դա քաղաքական նկատառում ունե՞ր, թե՞ չուներ»: