Նարեկ Սարգսյանը՝ Գյումրիում շենքի փլուզման մասին
Գյումրիում մասամբ փլուզված շենքն օգտագործվել է որպես հանրակացարան: Գյումրու քաղաքապետարանը զբաղվում է այն հարցով, որ սեփականատերը որոշակի քայլեր ձեռնարկի շենքի նորոգման համար: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Այդ շենքը վթարային, նույնիսկ մասնակի փլուզված է եղել: Եվ այդ մասնակի փլուզված հատվածից մի մաս անձրևներից հետո մշտական փլուզման վտանգի տակ է լինելու: Շենքն օգտագործվում է որպես հանրակացարան: Իմ տվյալներով՝ փլուզումը տեղի չի ունեցել այն հատվածում, որտեղ մարդիկ ապրում են, ամեն դեպքում, այդպիսի շենքերում վտանգավոր է առհասարակ ապրելը»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ շինությունը պետական գույք չէ, ունի սեփականատեր: «Եվ քաղաքապետարանը զբաղվում է այն հարցով, որ սեփականատերը համապատասխան քայլեր ձեռնարկի»-եզրափակեց նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 23-ին, ժամը 03:30-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել փլուզում: Պարզվել էր, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը: