«Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմնից հանված «Չերեմուխա 7» գազային նռնակի բեկորների վրա առկա հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնացման համար». Կարեն Բիշարյան
Ազգային ժողովում շարունակվում են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումները:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրեց 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Դատախազության զեկույցը:
Կ. Բիշարյանը նշեց, որ Ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով 3 անձանց մահվան հանգամանքների շուրջ կատարված քննության շրջանակներում պարզվել է, որ Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը և Գոռ Քլոյանը հատուկ միջոց հանդիսացող «Չերեմուխա 7» տեսակի գազային նռնակից ստացել են մահացու վնասվածքներ:
«Նրանց մահվան հանգամանքների շուրջ մանրակրկիտ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, որոնց թվում են 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունները կանխելու համար մասնակցած ոստիկանները և ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները: Դատաձգաբանական փորձաքննության են ենթարկվել զանգվածային անկարգությունների վայրում ծառայություն իրականացրած ոստիկաններին և զինծառայողներին ամրակցված հատուկ միջոցները:
ՌԴ ներքին գործերի նախարարության հատուկ տեխնիկա և կապ պետական ծառայության անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Չերեմուխա 7» տեսակի փամփուշտների կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում, արգելվում է անմիջապես մարդու վրա կրակելը: Կրակը կարող է արձակվել անմիջապես իրավախախտների մոտ, տեղանքում կամ օբյեկտների վրա՝ հաշվի առնելով քամու ուղղությունը:
Համապատասխան փորձաքննությամբ պարզվել է, որ դիակներից և վիրավոր քաղաքացիներից հանված «Չերեմուխա 7» տեսակի փամփուշտների գազային նռնակների պլաստմասսե խցանների վրա կան կողմնակի հետքեր, դեֆորմացիաներ, պատռվածքներ, շփման և հպման հետքեր, որոնք առաջացել են պինդ մարմինների հետ բախման կամ արգելանյութի միջով անցնելու հետևանքով»,- նշեց Կ. Բիշարյանը:
Նրա խոսքով՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են մեծածավալ քրեադատավարական միջոցներ հիշյալ անձանց մահվան հանգամանքները հստակեցնելու ուղղությամբ.
«Այս դրվագներով քննության բարդությունը պայմանավորված է նրանով, որ կատարված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմնից հանված «Չերեմուխա 7» գազային նռնակի բեկորների վրա առկա հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնացման համար: Դրա համար դեռևս չի պարզվել, թե կոնկրետ որ զենքից արձակված կրակոցի հետևանքով են վիրավորվել և մահացել նշյալ մարդիկ»: