Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել «ծառայողական սիրավեպի» ֆոնին
Ավստրալիայի փոխվարչապետ Բառնաբի Ջոյսը հրաժարական է տվել այն սկանդալից հետո, որի պատճառը դարձել են քաղաքական գործչի՝ իր աշխատակիցների հետ ինտիմ հարաբերությունների մասին հաղորդագրությունները: Այդ մասին հայտնել է News.com տեղական պորտալը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախկինում փոխվարչապետի ենթակայության տակ աշխատող Վիկի Քեմփիոնը երեխա է սպասում Ջոյսից, որն արդեն 24 տարի ամուսնացած է եւ մի քանի երեխաների հայր է:
Ջոյսը հայտարարել է, որ ոչ միայն կհեռանա կառավարությունից, այլեւ կթողնի Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնը: Դրա հետ մեկտեղ նա մտադիր է պահել իր խորհրդարանական մանդատը:
Ջոյսի «ծառայողական սիրավեպը» հանրային լայն ռեզոնանս է առաջացրել Ավստրալիայում: Երկրի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը փոփոխություններ է մտցրել այն փաստաթղթում, որը կանոնակարգում է երկրի նախարարների վարքագիծը, եւ նրանց արգելել է ինտիմ հարաբերություններ ունենալ իրենց աշխատակիցների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: