Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը
Ազգային ժողովում մեկնարկել են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումները:
Նիստը վարող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ հայտարարության նախագիծն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել:
Ըստ նախագծի՝ ԱԺ-ն խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ 2008 թվականի Մարտի 1-ի և լույսի 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի կիրառումը, այդ թվում՝ նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը և մեղադրական վճիռների կայացումը:
«ԱԺ-ն ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույնս պատասխանատվության կանչել Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառողներին: Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների Փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Համաձայն «Ելքի» ներկայացրած նախագծի՝ ԱԺ-ն նաև ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1-2-ի գործով դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել, ինչպես նաև պարտավորվում է առաջիկայում պատրաստել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1-2-ի զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին և մյուս տուժածներին: