Բաժիններ՝

Կներդրվի վեճերի լուծման հաշտարարի ինստիտուտը

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացանք, որ հաշտարարության ինստիտուտի ներդրման կարևորությունը կայանում է նրանում, որ այն ամբողջ աշխարհում վեճերի լուծման տարածված այլընտրանքային եղանակներից է:

«Քաղաքացիական իրավահարաբերություններից բխող վեճերի այլընտրանքային եղանակով կարգավորման նկատառումներից ելնելով՝ 2015 թվականի մայիսի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը լրացվել է 31.1-րդ գլխով, որը նվիրված է հաշտարարների իրավական կարգավիճակին: Մասնավորապես՝ նշված գլխով տրված են հաշտարարի և հաշտարարության հասկացությունների սահմանումները, հաշտարարության սկզբունքները, հաշտարարի վարքագծի կանոնները, նրանց իրավունքները և պարտականությունները, հաշտարարության վարման վերաբերյալ դրույթներ և այլն: Միաժամանակ, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որի հաշտարարության վերաբերյալ դրույթների գործնական կիրառությունը ապահովելու անհրաժեշտությունը պահանջում է հաշտարարության ինստիտուտի օրենսդրական ամրագրում»,- նշված է նախագծում:

«Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվելու են հաշտարարության իրականացման սկզբունքները, սահմանվելու են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները.

«Նախատեսվել են նաև արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը»,- նշված է նախագծում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս