Բաժիններ՝

Վարչապետը դժգոհեց վարչական մարմինների կողմից վերաքննիչ բողոքների ներկայացումից

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքների խնդրին: Նա հիշեցրեց, որ անցած տարի նոյեմբերին անդրադարձ կատարվել էր վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին, և տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։

Կ.Կարապետյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա, և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ:

«Նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակն ավելացվեց 3-ով»,- ասաց վարչապետը և Ոստիկանության պետին հանձնարարեց ու Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա, և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ, նաև առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել առաջարկություններ, իսկ արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս