Մելանյա Թրամփի ծնողները շուտով ԱՄՆ-ի քաղաքացիություն կստանան. WP
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի ծնողներն ԱՄՆ-ում կեցության վկայագիր ունեն եւ շուտով երկրի քաղաքացիներ կդառնան: Փետրվարի 21-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով նյույորքցի իրավաբան Մայքլ Ուալդսին, որը ներկայացնում է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ եւ նրա ընտանիքի շահերը։
Նա հավաստել է, որ Վիկտոր Կնավսը եւ նրա կինը՝ Ամալյան, «ԱՄՆ-ում են գտնվում օրինական հիմունքներով, ունեն մշտական բնակիչների կարգավիճակ», բայց հրաժարվել է ճշտել, թե նրանք երբ են Սլովենիայից տեղափոխվել Ամերիկա եւ ինչպես են գրին-քարտեր ստացել: Թերթի այլ աղբյուրների համաձայն՝ Կնավս ամուսիններն «սպասում են, թե իրենց երբ կհայտնեն ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու արարողության օրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: