Մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են. Շարմազանովը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամմների ՀՀԿ-ի թեկնածուների մասին
Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը կքննարկի Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների հարցը և կառաջադրի թեկնածուների ցանկը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նրանք 5-ն են լինելու, որոնք պետք է ընտրվեն փետրվարի 27-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրեց, որ և՛ Հանրապետության հաջորդ նախագահի, և՛ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններն Ազգային ժողովում լինելու են գաղտնի:
«Քանի դեռ խմբակցությունում վերջնական քննարկում չի եղել, կոռեկտ չեմ համարում հրապարակել նրանց անունները: Թեկնածուներ արդեն կան, նրանք շատ պատրաստված, շատ մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության բարձրագույն դատական խորհրդում նրանց ներկայությունը կարևոր կլիներ»,- ընդգծեց Շարմազանովը: