Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում ՀՀ-ԵՄ հարաբերություններում. ԱԳ նախարար
Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում:
«Այս առումով արդյունավետ հարթակ է հանդիսանում Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի վերջին նիստը հաջողությամբ գումարվեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբերին: Մեր երկիրը շուտով անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին, որտեղ առավել մեծ կարևորություն ձեռք կբերի միջխորհրդարանական համագործակցությունը: Անկասկած, խորհրդարանները կանգնած են ժողովրդավարական արժեքների խրախուսման և մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում: Ժողովրդավարական կառույցների ամրապնդումը մշտապես եղել է Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից մեկը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ 2017թ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է և անշրջելի:
«Այդ առումով մենք գնահատում ենք Եվրոպական միության կարևոր աջակցությունը: Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանին Հայաստանում միջազգային դիտորդների 650 անդամներից բաղկացած թիմի մաս կազմելու համար, որը եզրակացրեց, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հարգվել էին: Եվրոպական միությունն իր հերթին հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում էին Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը: Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ ներառյալ Մարդու իրավունքների երկխոսության շրջանակներում, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի և բոլոր գործընկերների հետ՝ ընտրական գործընթացի հետագա բարելավմանն ուղղված նրանց առաջարկները կյանքի կոչելու և մեր ժողովրդավարության ամրապնդման համար»,- ընդգծել է Նալբանդյանը: