«Չկա այդպիսի մարդ, որն անթերի աշխատի». ինչու պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք գո՞հ էր Արթուր Օսիկյանի աշխատանքից, և ինչո՞վ էր պայմանավորված նրա ազատումը պաշտոնից:
«Պարոն Օսիկյանը տարիների իր աշխատանքի ընթացքում բազմաթիվ նորամուծություններ է կատարել համակարգում, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես և ցանկացած աշխատող մարդ, ունեցել է նաև իր թերությունները: Ես օրինակներով չեմ խոսի հիմա, բայց չկա այդպիսի մարդ, ով աշխատի անթերի, այդ թվում՝ և ես, և դուք:
Այնպես որ՝ ընդամենը երբեմն խնդիր ես դնում փոխելու անձին, որովհետև ուզում ես նորովի, այլ տեսանկյունից մոտենալ հարցին, և այդ պարագայում արդեն շտկում է իրավիճակը: Նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը:
Երբ ես 1998թ. սկսած արդարադատության նախարար էի աշխատում, 2006թ. հայտարարեցի, որ համարում եմ՝ որպես արդարադատության նախարար, մեկ տարի ևս կաշխատեմ, և վերջ, և դուրս կգամ այս պաշտոնից, որովհետև անհրաժեշտ է, որ նոր արդարադատության նախարար գա, որը իմ կատարած թերի քայլերը նորովի նայի, որովհետև մարդու աչքն արդեն սովորում է թերությանը, և միշտ չէ, որ սկսում ես նկատել այն:
Եվ ես շատ ուրախ եմ, որ դա արել եմ ուղիղ մեկ տարի առաջ (կարող եք դա տեսնել մամուլում, հայտարարել եմ դրա մասին և հայտարարել եմ սկզբունքը՝ ինչու պետք է փոխվի):
Նույնը՝ այս պարագայում: Ես համարում եմ, որ պարոն Օսիկյանը շատ մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին, կատարել հաջորդ քայլերն առաջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: