Բաժիններ՝

ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է

Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել ՎՏԲ բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից, Արտակ Պողոսյանն ընդգծեց, որ հարձակվողները երկուսն են եղել: Նրանք ներխուժել են բանկ և զենքի գործադրման սպառնալիքով գումար են պահանջել: «Դեռևս հայտնի չէ, թե հարձակվողները որքան գումար են տարել: Այս պահին բանկի աշխատակիցները ճշտում են գումարի չափը»,- ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ ըստ նախնական տվյալների՝ բանկի վրա հարձակում կատարած անձինք գումար են պահանջել ատրճանակի սպառնալիքով: «Հարձակվողները փախուստի են դիմել: Նրանք այս պահին դեռ հայտնաբերված չեն»,- ընդգծեց Երևանի փոխխոստիկանապետը:

Հարձակման պահին բանկի ներսում եղել են նաև քաղաքացիներ, սակայն նրանցից գումար չեն հափշտակել, այլ են միայն բանկի փողերը:

Հարցին` անվտանգությո՞ւնն է խնդիրը, որ այդպես հեշտ կարողացել են ներխուժել և գումարը տանել, Արտակ Պողոսյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: Նա հայտնեց, որ այս պահին ճշտվում են բանկի վրա հարձակում գործած անձանց տվյալները, ուսումնասիրվում են տեսաձայնագրությունները:

Նա տեղեկացրեց, որ բանկի բնականոն աշխատանքը կվերականգվի ոստիկանության օպերատիվ խմբի աշխատանքների ավարտից հետո:

2016թ-ի դեկտեմբերի 16-ին հարձակում էր եղել ՎՏԲ բանկի՝ Բաղրամյան փողոցում գտնվող բանկոմատի վրա` ՎՏԲ բանկի մասնաճյուղի կողքին: Հարձակվողները փորձել էին այն ևս պայթեցնել, սակայն չեն հասցրել ավարտել իրենց գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս